ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հանցագործությունների վերաբերյալ դոսիեները բացահայտումներից հետո վերածվում են ընդամենը ծանրակշիռ կոմպրոմատի

Հանցագործությունների վերաբերյալ դոսիեները բացահայտումներից հետո վերածվում են ընդամենը ծանրակշիռ կոմպրոմատի
12.12.2008 | 00:00

«ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻՆ Ո՛Չ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԵՆ ՀԱՆՁՆՈՒՄ»
1974 թ. Տորոնտոյի համալսարանի փիլիսոփա և հոգեբան Անատոլի Ռապոպորտը ձևակերպեց մի գաղափար, ըստ որի, երկու սոցիումների միջև մարդկային շփման լավագույն ձևն են համագործակցությունը, փոխադարձ հարգանքը, ներելու կարողությունը։ Այլ կերպ ասած, երբ մարդը կամ մարդկանց խումբը հանդիպում է մեկ այլ մարդու կամ խմբի հետ, նրանք շահագրգիռ են լինում փոխադարձ դաշինք կազմելու հարցում` հիմնված երկկողմանի զիջումների վրա։ Ռապոպորտի այս թեզը ժամանակի ընթացքում հաղթանակ տարավ այլ ագրեսիվ ծրագրերի նկատմամբ` համարվելով ավելի հեռանկարային և արդյունավետ։
Հիշյալ հոգեբանական նորմն արդյունավետ է ոչ միայն կենցաղային հարաբերությունների մակարդակում, այլև պետական կառավարման առումով և գործնականում վաղուց է դարձել քաղաքացիական համաձայնության հիմք բոլոր կայուն պետություններում։ Ակնհայտ է նաև, որ իշխանության առաջին դեմքի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը, եթե շահագրգռված էր կայունությամբ և կառավարման արդյունավետությամբ, պետք է լուծեր մի շարք հրատապ խնդիրներ։ Դրանցից առաջինը` նվազեցնել ընդդիմադիր քաղաքական ուժերի և ընտրազանգվածի գործողությունների արդյունավետությունը, երկրորդը` ամրապնդել իշխանության բուրգը, և երրորդը, որ ամենակարևորն է, վստահության համաձայնագիր կնքել հասարակության հետ` համագործակցության, փոխադարձ հարգանքի և ներման սկզբունքներից ելնելով։
Ի դեպ, այս իրողությունը հրատապ է եղել հայաստանյան բոլոր իշխանությունների օրոք։ Սակայն եթե առաջին երկու խնդիրների հետ կապված` ընդդիմության հետ հաշիվների մաքրում և իշխանական բուրգի ամրապնդում, բոլոր իշխանություններն էլ այս կամ այն չափով կարողացել են հաջողություն արձանագրել, ապա երրորդ բաղադրիչը` ժողովրդի հետ վստահության մթնոլորտի ձևավորումը, երբեք էլ իշխանության համար առանձնակի ուշադրության առարկա չի եղել։ Արդյունքում Հայաստանի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ նախագահները գործնականում ունեցել են գրեթե անսահմանափակ իշխանություն և հեղինակություն իրենց համախոհների նեղ շրջանակում, բայց միաժամանակ տոտալ կերպով կորցրել են հեղինակությունը հասարակության լայն շերտերի շրջանում։ Ավելին, ինչպես ցույց է տալիս հայկական պետականության կարճատև պատմությունը, հենց հասարակական կարծիքի անտեսումն ու չափազանց ցածր ժողովրդականությունն են դարձել իշխանական բուրգերի կործանման պատճառ, քանզի ժողովուրդը բացարձակապես օտարված է իր կառավարողներից։
Թվում է, որ այս անգամ ևս նոր վարչակազմը նոր նախագահի գլխավորությամբ փորձում է առաջին հերթին լուծել իր համար առաջնահերթ կամ հրատապ խնդիրները։ Բայց եթե ընդդիմությանը չեզոքացնելու և իշխանական բուրգն ամրապնդելու հարցերում կան լուրջ տեղաշարժեր, ապա իշխանություն-քաղաքացիներ հարաբերություններն ավելի լավը ցանկանալու տեղ են թողնում։ Դիտարկելով Հայաստանի ներքին կյանքն ու հասարակական գործընթացները` դժվար չէ հասկանալ, որ բնակչության դժգոհությունը տարիներ շարունակ առնչվում է առաջին հերթին բոլոր կարգի չինովնիկների կողմից թույլ տրվող ամենաթողության դրսևորումներին, հանցավորության աննախադեպ հաղթարշավին` օլիգարխիական կառույցների հովանավորության ներքո։ Սակայն քաղաքական ուժը, որ գործնականում վերահսկում է երկրում ամբողջ իշխանական համակարգը, ձևանում է, թե չի նկատում այս հասարակական ծայրահեղ դժգոհությունը, հիվանդագին խնդիրները և, փաստորեն, անտեսում է հասարակական պատվերը։
Եթե ուշադիր վերլուծելու լինենք կոռուպցիայի դեմ իբրև թե տարվող պայքարը, կարելի է առանց մեծ ջանքերի նկատել, որ գործընթացներն այս ոլորտում զարգանում են ոչ թե խնդիրների լուծման ուղղությամբ և անգամ ժողովրդի մեջ հեղինակության բարձրացման նպատակով, այլ բացառապես անձնական դիրքերի ամրապնդման և իշխանության մեջ ուժերի հավասարակշռությունն ապահովելու համար։
Ըստ այդմ հարկ է արձանագրել, որ բոլոր ուսումնասիրություններն ու բացահայտումները, որոնցով վերջերս հանդես եկավ Վերահսկիչ պալատի նախագահը, առայժմ չեն հանգեցրել ցանկալի հետևանքների իրավապահ մարմիններում և դատական ատյաններում։ Վերջիններս, ինչպես նախկինում, շարունակում են հասարակությանը «կերակրել» իրենց հաշվետվությունների վիրտուալ թվերով` կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Նույնիսկ ամենասենսացիոն, անբարո և ազգային ինքնագիտակցությանն անհարիր հանցագործությունների պարագայում (օրինակ` ծնողազուրկ երեխաների բնակարանների համար նախատեսված գումարների յուրացումներն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում), չի հնչում որևէ հրապարակային և հանրությանը բավարարող պարզաբանում, արդեն չխոսելով առարկայական պատիժների մասին։ Ավելին, ոչ անհիմն կասկածներ կան, որ հանցագործությունների վերաբերյալ դոսիեները բացահայտումներից հետո վերածվում են ընդամենը ծանրակշիռ կոմպրոմատի` ներքաղաքական կամ ներիշխանական խնդիրներ լուծելու համար։ Իսկ արդեն հաստատված ավանդույթի համաձայն, կատարված հանցագործության համար, որպես կանոն, պատժվում են «սլաքավարները», կատարվածին չի տրվում քաղաքական գնահատական։ Մինչդեռ բացահայտված և հրապարակված հանցագործությունները ոչ միայն կատարվել են իշխող կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերի անդամների կողմից, այլև միգուցե տվյալ կուսակցության քաղաքական վերնախավի համաձայնությամբ։ Այդպիսով, բնակչության մեջ իրավացիորեն հաստատվում է այն համոզմունքը, որ նախարարական պորտֆելների բաժանումից հետո նախկին ռեժիմի կորիզը պահպանվել է նաև այսօր։ Իսկ Սերժ Սարգսյանը բավական երկար ժամանակ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելով` այնուամենայնիվ, շարունակում է պատանդ մնալ կորպորատիվ շահերի շրջանակում։ Եվ եթե ընտրություններից անմիջապես հետո ավելորդ զգուշավորությունն ու «երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ» սկզբունքով առաջնորդվելը հանդիսանում էին հարկադրական միջոց ներքին կայունությունն ու իշխանության միասնականությունը պահպանելու համար, ապա այժմ, ձեռք բերելով իշխանական համակարգի կառավարման նոր որակ և ճնշելով օպորտունիզմի ծիլերը, նոր վարչակազմը պարտավոր է շտապել բավարարելու հասարակ քաղաքացիների սպասումները։
Մինչդեռ ավելի տխուր պատկեր է իրավապահների հանցավորության դեմ պայքարի առումով։ Կարելի է արձանագրել, որ քրեական «ռազբորկաների» մեծ մասը, փոխհրաձգություններն ու սպանությունները Հայաստանի գյուղերում և քաղաքներում ոչ միայն ազդեցության գոտիների բաժանման «գործընթաց» են տնտեսության մեջ, այլև ուղղակիորեն, ընտանեկան կապերի բերումով, առնչվում են երկրի ներսում զարգացող քաղաքական գործընթացներին և իշխանության դաշտում գործող քաղաքական դեմքերին։ Չարժե մանրամասն թվարկել բոլոր այդ քրեական գործերն ու միջադեպերը, այդ ցուցակը շատ լավ հայտնի է, և այդ ամենն առավելագույնս նպաստում է նրան, որ բնակչության մեջ խոր արմատներ գցի անպաշտպանվածության զգացումը։ Ցանկացած դիտորդի համար ակնհայտ է, որ առանց այս երևույթի լիարժեք ոչնչացման և մեղավորների հրապարակային պատժի իշխանությունը հանրության շրջանում իր հեղինակությունը վերականգնելու և իրական ժողովրդավարություն վայելելու հույսեր չի կարող ունենալ։ Սակայն առայժմ դատախազության ու ոստիկանության բոլոր ամպագոռգոռ հայտարարությունները մի շարք սպանությունների բացահայտման վերաբերյալ, մեղմ ասած, կիսատ-պռատ են և հավատ չեն ներշնչում։ Դրանք ամենից առաջ չեն բացահայտում կատարված հանցագործությունների իրական շարժառիթներն ու պատվիրատուներին։ Ընդ որում, ինչպես ոստիկանությունը, այնպես էլ դատախազությունն ու դատական մարմինները, որպես կանոն, շատ լավ գիտեն իրական հանցագործներին ու շարժառիթները, սակայն բացարձակապես անտեսում են հասարակական պահանջներն ու կարծիքը իրենց գործունեության վերաբերյալ։
Արժե մեկ անգամ ևս հիշեցնել, որ արքունիքն է ստեղծում թագավորին։ Եթե իշխանությունը շարունակի ղեկավարվել ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ և ընտրազանգվածի ցանկություններով, այլ «յուրայիններին ոչ մի դեպքում չեն հանձնում» մաֆիոզ կարգախոսով, ապա ժողովրդի համար կշարունակի բացարձակ միևնույնը լինել այն հանգամանքը, թե իշխանության համար պայքար մղող «կլաններից» որը կհասնի վերջնական հաղթանակի։ Ժողովուրդը, որպես կանոն, ուզում է հաց և զվարճանք, իսկ խելամիտ և հեռատես քաղաքական գործիչը միշտ էլ կարող է հմտորեն դժգոհության սլաքներն ուղղել իր շրջապատի այն դեմքերի կողմը, որոնք ժամանակին ոչ միշտ են արդարությամբ օգտագործել իշխանական լծակները, և որոնց համար վաղուց հասել է հատուցման ժամը։ Սա ոչ միայն ժողովրդավարական ցանկացած հասարակությունում գործող օրենք է, այլև առհասարակ իշխանության օրենք։ Այս համատեքստում պակաս կարևոր չէ այն իրողությունը, որ մասսայական գիտակցությունը միշտ էլ ցանկանում է առաջնորդված լինել ուժեղ, արդար և ընդհանուրի շահերի համար հոգ տանող լիդերի կողմից։ Ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանը կարիք ունի այդպիսի քաղաքական տեխնոլոգիաների կիրառման, քանզի նրա հեղինակությունն ամեն դեպքում այդքան բարձր չէ հանրության շրջանում։ Իսկ հանրային վերաբերմունքը նրա շրջապատի և թիմի նկատմամբ շարունակում է մնալ բավական բացասական, ինչն իրեն իսկ, անշուշտ, լավ հայտնի է։ Ընտրությունների նախաշեմին հայտարարվեց հավանական փոփոխությունների և նոր մոտեցումների որդեգրման մասին, սակայն այդ խոստումներն առայժմ իրականություն չեն դարձել, քանզի նոր նախագահը մինչ օրս նախընտրել է ոչ թե անձնական հեղինակության և ժողովրդականության բարձրացումը, այլ իշխանական մեխանիզմի գործունեության ապահովումը։ Բացասական առումներով աչքի ընկած բոլոր դեմքերը, որոնք նոր նախագահին իբրև ժառանգություն անցել են նախորդ վարչակազմից, շարունակում են պահպանել իրենց ազդեցությունն ու դիրքերը և նույնիսկ մտադիր են «հաղթական ավարտի» հասցնել իրենց մտադրություններն արդեն հայտնի ու տրորված ճանապարհով։ Ինչն ավելի է խտացնում այդ մարդկանցից ու առհասարակ համակարգից նախագահի կախվածության տպավորությունը։
Մինչդեռ քաղաքականության մեջ բազմիցս ապացուցվել է, որ հասարակական կարծիքի անտեսումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկիրն արտաքին աշխարհից մեկուսացած է, իսկ ներսում չկան իշխանության հիմնական կրողին համարժեք մրցակիցներ։ Հակառակ պարագայում միշտ էլ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իշխանական լիազորությունների հիմնական կրողը կարող է հետագայում խիստ ափսոսել, որ անտեսեց հասարակության աչքում իր հեղինակության բարձրացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը, ինչի պատճառով էլ դարձավ թիրախ իշխանության մեջ գործող տարբեր քրեական խմբավորումների գործողությունների հետևանքով։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3523

Մեկնաբանություններ